Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Կարեն Կարապետյանի ապստամբությո՞ւնը

Կարեն Կարապետյանի ապստամբությո՞ւնը
01.03.2017 | 11:23

ՀՀԿ-ում նոր սկանդա՞լ է հասունանում, թե՞ պարզապես նախընտրական դեմարշ՝ ինչպե՞ս գնահատել ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանի երեկվա զրույցը լրագրողների հետ: ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանն ասել է, որ իրեն այնքան էլ իշխանության ներկայացուցիչ չի համարում: Երբ լրագրողները հիշեցրել են, որ իշխանությունները տարիներ շարունակ խոստումներ են տալիս, բայց չեն իրագործում, ինչպե՞ս մարդիկ հավատան ու նորից ընտրեն ՀՀԿ-ին, նա հարցին հարցով է պատասխանել. «Իսկ ինչո՞ւ եք ընտրում իշխանությանը, ես խորհուրդ կտամ չընտրել»: Ավելին՝ ռեյտինգային ընտրակարգով Լոռու մարզում առաջադրված լինելով՝ հարցին, թե ՀՀԿ անդամ լինելն իրեն կօգնի, թե՞ կխանգարի, նա պատասխանել է՝ «Կխանգարի»:

Հարցին՝ հնարավո՞ր է ընտրություններից հետո դուրս գա ՀՀԿ-ից, նա պատասխանել է՝ ոչ: «Հանրության մեջ լուրջ դժգոհություններ կան, բնականաբար դա իր ազդեցությունը կթողնի նաև իմ ռեյտինգային վարկանիշի վրա»՝ ասել է նա: Պարզվել է, որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն էլ տեղյակ է նրա ընդդիմադիր կեցվածքին՝ բոլորն էլ գիտեն, ոչ ոք այսօր միամիտ չէ. «Դուք շատ լավ էլ գիտեք, որ երբ հանրության մեջ մեկ միլիոն և ավելի ընչազուրկ խավ կա, չկա մի այդպիսի երկիր, որ հանրությունը իշխանությանը սիրի: Իսկ պատճառները և օբյեկտիվ, և սուբյեկտիվ են: Օբյեկտիվն այն է, որ մասսայական թալանը տարիներ շարունակ շարունակվել է, և բոլոր այդպիսի մարդկանց ձեռքերը պետք է բռնենք: Մեր պետական ինստիտուտներում այդպիսի մարդիկ պետք է տեղ չունենան: ՈՒզում եք լավ ապրել, իբրև խելոք եք, կա բիզնես դաշտ, խնդրեմ, գնացեք ձեր ուղեղը, ձեր պոտենցիալը դրեք էնտեղ, ոչ թե պետական ռեսուրսներն օգտագործեք ձեր անձնական շահերը սպասարկելու համար: Էդպիսի մարդիկ ընդհանրապես պետք է քաղաքական դաշտից դուրս գան»: Նա նաև ասել է, որ անհատների մասին դեռ չի խոսում, երբ կարիքը լինի, անհատներին ևս կանդրադառնա, ոչ մեկից չի վախենում, առայժմ երևույթին է անդրադառնում՝ պետք է այդ դաշտը սեղմել:


Կարեն Կարապետյանը նաև համարում է, որ եթե իշխանությունները քիչ թալանեն, երկրում ավելի շատ փող կլինի զարգացման ու մարդկանց կենսամակարդակը բարձրացնելու համար. «Իհարկե, որ չգողանան, մի քիչ ավելին կլինի: Բայց միշտ մարդկանց պահանջները մեծանում են, եթե դինամիկ փոփոխություն չլինի, տնտեսության ակտիվացում չլինի, բյուջետային մուտքերը չեն ավելանում, այդ դեպքում լավ չի լինում»: Պարզվել է նաև, որ իշխանական, բայց ընդդիմադիր պատգամավորը անցնցում իշխանափոխությունը պրակտիկ առումով ռեալ չի համարում, բայց տեսականորեն հնարավոր է գտնում:
Փաստացի՝ երեկ Կարեն Կարապետյանը փրկել է ՀՀԿ-ի դեմքը, հաստատելով, որ
ինքը ընդդիմություն չէ, ցանկացած իշխանության մեջ պետք է լինեն պրոգրեսիվ և ռեգրեսիվ ուժեր, դա բնական է: Ոչ թե միշտ միջկուսակցական պայքար պետք է լինի, այլ՝ ներկուսակցական: Ցանկացած կուսակցության մեջ պետք է լինի փոքրամասնություն, որը պետք է տեղաշարժվի առաջ: ՈՒ նա ինքն իրեն ավելի շատ պետական գործիչ է համարում, քան կուսակցական, որովհետև շատ լավ հասկանում է, որ շատ դեպքերում կուսակցությունները նեղ կուսակցական շահերից ելնելով՝ այս կամ այն խնդիրների շուրջ երբեմն այնպիսի մոտեցումներ են ցուցաբերում, որը հակասում է պետության շահերին:
Իսկ պետությունը, ինչպես դուք էլ հասկանում եք, վեր է կուսակցությունից, նույնիսկ՝ իշխող:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՈՒ ի՞նչ: ՀՀԿ-ի ներսում նոր «գետե՞ր» են առանձնանում, թեպետ Կարեն Կարապետյանը ժխտել է, որ ընտրություններից հետո կհեռանա ՀՀԿ-ից: ԳՄ նիստում նրա, մեղմ ասած, ոչ ՀՀԿ-ական տեսակետները քննարկման թեմա կդառնա՞ն: Թերևս ոչ, նրա թիկունքում կա «Տաշիր գրուպ» ու կա միլիարդատեր եղբայր: ՈՒ բացի այդ, նա նաև ասել է, որ աջակցում է վարչապետ Կարեն Կարապետյանին, օգնելու է, որովհետև լավ է ճանաչում ու գիտի, որ նա ձգտելու է վիճակ փոխել՝ հակառակ իրեն խանգարողների: Լրագրողների հետ զրուցելը ընդամենը վկայություն է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ում այնքան էլ միայնակ չէ, ինչպես կարող էր թվալ՝ ելնելով ՀՀԿ ռեյտինգային ու համապետական ընտրացուցակներից: Իրականում Կարեն Կարապետյանների թիկունքը «Տաշիր գրուպի» ներդրումներն են, որ կարող են տնտեսական, ապա նաև քաղաքական իրավիճակ փոխել՝ հօգուտ Կարապետյանների և ընդդեմ Սարգսյանների: ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը բացահայտումներ չի արել, նա ասել է՝ ինչ կասեր յուրաքանչյուր բանական մարդ՝ չե՞ք հավատում՝ մի ընտրեք: Նրա խոսքերը սենսացիոն է դարձնում հակաբանական մթնոլորտը:
Իսկ որ վարչապետ Կարեն Կարապետյանը դժվարությամբ, բայց ընդունում է, որ ինքը քաղաքական գործիչ է ու պաշտոնի բերումով քաղաքականության մեջ, օրեցօր ավելի ակնառու է դառնում՝ նա համաձայն չէ տեխնիկական վարչապետի ու քավության նոխազի պատվավոր դերին, նա պայքարելու է 2018-ից հետո էլ վարչապետ լինելու համար:

Դիտվել է՝ 1921

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ